Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փոխել է Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ ուժերի վերահսկողության քարտեզը` դրանից դուրս թողնելով նախօրեին ավելացված Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։
Դրանք նոյեմբերի 10-ի դրությամբ գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ, այսինքն` ըստ եռակողմ հայտարարության, պատկանում էին հայկական կողմին:
Դեկտեմբերի 14-ի առավոտյան հրապարակված նոր քարտեզում նկատվել էին ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։
Ավելի ուշ Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակը հայտարարել էր, որ ռուսական կողմի քարտեզը չունի իրավական և քաղաքական որևէ հիմք, բացի այդ, նրանք չունեն որևէ լիազորություն նման քարտեզ կազմելու։
Քարտեզը ժամանակագրորեն փոխվել է այս հայտարարությունից հետո։
Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի գրոհով բռնկված մի քանի ժամ տևած մարտերի հետևանքով հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
Դեկտեմբերի 13-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: