Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արցախյան պատերազմի հետևանքով դեռևս գերության մեջ գտնվող զինվորական և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Վարչապետն անդրադարձել է գերիների փոխանակման և նրանց վերադարձի գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին»,-հավելել է նա:
Ավելի վաղ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 44 հայ գերու տեղափոխող ինքնաթիռը։ Հայրենիք են վերադարձել ինչպես սեպտեմբերի 27-ից սկսված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորականներ և քաղաքացիականներ, այնպես էլ մինչև այդ գերեվարված անձինք։
Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով հայկական կողմն Ադրբեջանի դեմ գանգատներ էր ներկայացրել Եվրոպական դատարանին:
Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել նաև 2014-ին Քարվաճառում սպանություններ և ծանր այլ հանցանքներ կատարած դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։