27 փետրվարի 2009 - 18:24 AMT
Շոյգուն առաջարկել է քրեական պատասխանատվություն ներմուծել Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ հաղթանակը հերքելու համար
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար, «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Սերգեյ Շոյգուն առաջարկել է քրեական պատասխանատվություն ներմուծել Մեծ Հայրենական պատերազմում ԽՍՀՄ հաղթանակը հերքելու համար:

Ինչպես հայտնել է Սերգեյ Շոյգուն, նրան վրդովում է այն, որ հետխորհրդային տարածքում ԽՍՀՄ հաղթանակի հերքմամբ մշտապես զբաղվում են բոլոր նրանք, ովքեր չեն ալարում:

«Ես գտնում եմ, որ մեր խորհրդարանին անհրաժեշտ է ընդունել մի օրենք, որը քրեական պատասխանատվություն կնախատեսեր Մեծ Հայրենական պատերազմում ԽՍՀՄ հաղթանակը ժխտելու համար, եւ այդժամ որոշ երկրների նախագահներ, որոնք ժխտում են դա, չէին կարողանա անպատիժ կերպով գալ մեր երկիր: Իսկ որոշ քաղաքների քաղաքապետեր, նախքան հուշարձանները ոչնչացնելը, մի քանի անգամ կմտածեն այդ մասին»,- ասել է Շոյգուն Վոլգոգրադի «Ստալինգրադյան ճակատամարտ» թանգարան-պանորամայում վետերանների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Շոյգուն նշել է, որ «հաղթանակի հերքողների» համար քրեական պատժի մասին գաղափարը նա քաղել է երկրների քրեական օրենսգրքերից, որոնցում գոյություն ունեն Հոլոքոստի հերքման համար քրեական պատասխանատվության մասին հոդվածներ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: