27 փետրվարի 2009 - 18:37 AMT
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ղեկավարն ու Անգլիայի դեսպանը քննարկել են ֆինանսական ճգնաժամի հաղթահարման միջոցները
Փետրվարի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները, առեւտրատնտեսական համագործակցության խթանմանն ուղղված խնդիրները, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից մշակվող եւ իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:

Զրույցի ընթացքում Ներսես Երիցյանն անդրադարձել է ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ Հայաստանի հավակնությանը, եւ շեշտել է, որ այն լավ երաշխիք եւ խթան կարող է հանդիսանալ ՀՀ-ում բարեփոխումների գործընթացն ավելի արագ եւ արդյունավետ իրականացնելու համար:

Պարոն Լոնսդեյլը ողջունել է Հայաստանում օրենսդրական դաշտում բարեփոխումների իրականացման ու եվրոպական չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը եւ պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել այս հարցում: