18 դեկտեմբերի 2020 - 11:42 AMT
Արցախի վերահսկողության ներքո տուն կորցրածներին ՀՀ-ում հյուրընկալողները 30,000 դրամ կստանան

Աջակցություն կստանան Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողները։ Ծրագիրը եռամսյա է․ յուրաքանչյուր հյուրընկալվողի համար ՀՀ հյուրընկալ ընտանիքին կտրամադրվի 30,000 դրամ, իսկ ԱՀ հյուրընկալ ընտանիքին՝ 45,000 դրամ:

Սա արցախցիներին հյուրընկալողների աջակցության երկրորդ ծրագիրն է, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Նախկին ծրագրով աջակցություն էր տրամադրվում ռազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքերում հաշվառված չափահաս քաղաքացիներին հյուրընկալողներին։

Ծրագրի շահառու կարող են դառնալ նրանք, որոնք հյուրընկալվողին տրամադրում են կացարան 2020-ի դեկտեմբեր, 2021-ի հունվար-փետրվար ամիսների համար:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։