18 դեկտեմբերի 2020 - 13:18 AMT
Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում 35 հայ զինծառայողի և 1 քաղաքացիականի մարմին է հայտնաբերվել

Մարտական գործողությունների՝ Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի և մեկ քաղաքացիական անձի մարմին։ Այդ մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, գրում է «Արմենպրեսը»։

«Զոհված քաղաքացիական անձի՝ տարեց մի կնոջ մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին:

Որոնողական աշխատանքները դեկտեմբերի 18-ին շարունակվում են Ներքին Ճարտարի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի հատվածներում»,-մանրամասնել է Թադևոսյանը:

Որոնումներին շարունակում են մասնակցել անհետ կորածների հարազատներն ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորները։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։