18 դեկտեմբերի 2020 - 17:33 AMT
Թրամփ․ Covid-19-ի դեմ Moderna-ի պատվաստանյութը ԱՄՆ-ում հաստատվել է

Կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութը հաստատվել է ԱՄՆ-ում կիրառման համար, դրա առաքումը կսկսվի անմիջապես, հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ հայտարարվել էր, թե Moderna-ի պատվաստանյութը ԱՄՆ-ում օգտագործելու համար խորհուրդ է տրվել նաև փորձագիտական հանրույթի կողմից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսին ասել էր, որ իր վարչակազմը հայազգի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության հետ պայմանավորվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 մլն նմուշ ձեռք բերելու մասին:

«Moderna-ի պատվաստանյութը ճնշող մեծամասնությամբ հաստատված է։ Դրա տարածումը կսկսվի անմիջապես»,-գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում։

Ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների՝ ԱՄՆ-ում 17 մլն-ից ավելի մարդ է վարակվել կորոնավիրուսով, նրանցից 310,000-ից ավելին մահացել է։ Երկիրն առաջինն է կորոնավիրուսի տարածման համաշխարհային ցանկում։ Ողջ աշխարհում 75 մլն-ից ավելի մարդ է վարակվել։