18 դեկտեմբերի 2020 - 18:53 AMT
ՊԲ․ Վերջին օրերին մեր պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի եղել

Համացանցում շրջանառվող տեսանյութը, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի, իրականությանը չի համապատասխանում, հայտարարել են Պաշտպանության բանակից։

«Վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,-հայտարարել են պաշտպանության բանակից։

ՊԲ-ից հորդորել են չտարածել Ադրբեջանի քարոզչական նշանակություն ունեցող տեսանյութը։

Ավելի վաղ հայկական կողմը հաստատել էր Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում 73 զինծառայողի անհետ կորելու մասին լուրը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։