22 դեկտեմբերի 2020 - 13:23 AMT
ԱԻՊԾ․ Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում ևս 8 զինծառայողի մարմին են գտել

Որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում դեկտեմբերի 21-ին հայտնաբերվել է ևս 8 մարմին, հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, փոխանցում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ նրանք զինվորականներ են եղել։

Դեկտեմբերի 22-ին ևս աշխատանքները շարունակվում են Ֆիզուլի, Ջաբրայիլ, Հադրութ և Շուշի ուղղություններում։

Ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1047 մարմին:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։