23 դեկտեմբերի 2020 - 10:29 AMT
ՄԻՊ․ Խիստ մտահոգիչ է, որ պաշտոնյաներն ու ընդդիմությունը նպաստում են անհանդուրժողականության խորացմանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում, որ իշխանության մարմիններն ու պաշտոնյաները, քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու իրավունքների համակարգի պահանջները, իրենց հրապարակային խոսքով նպաստում են անհանդուրժողականության խորացմանն ու լարվածության ավելացմանը: Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ։

«Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային հասարակական-քաղաքական հարթակ բերված «նոր ու նախկին», «սև ու սպիտակ» պիտակավորմամբ դիսկուրսը, որը, ըստ էության, հասարակությունը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանելու անթույլատրելի օրակարգ է:

Նույն սկզբունքով անթույլատրելի է քաղաքական ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարով հասարակությանը խմբերի բաժանելու, մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու նույնիսկ դրա խրախուսումը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տևական ու թիրախային դիտարկումները վկայում են, որ այս խ վիճակն ավելի է խորացնում այն, որ գործում են թե՛ իշխանության մարմիններին, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակների աջակցող սոցիալական ցանցերի (հատկապես՝ «Ֆեյսբուք») կեղծ էջեր և օգտահաշիվներ, որոնք կազմակերպված ու նպատակային հարձակումներ են իրականացնում իրար դեմ:

«Արդյունքում ստացվել է այնպես, որ սոցիալական մեդիայի հայկական ամբողջ տիրույթը հեղեղվել է հայհոյախառն վիրավորանքներով, միմյանց ուղղված սպառնալիքներով ու ատելության խոսքով` հիմնովին ոտնահարելով մարդու իրավունքների համակարգի պահանջները:

Սա որևէ տեղ չտանող ճանապարհ է, որ լի է վտանգներով, այն ավերում է մեր երկրի ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքերի համակարգի տարիների ձեռքբերումները»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ մեկ օր առաջ էր Մարդու իրավունքների պաշտպանն այս թեմայով ավելի ծավալուն գրառում կատարել, սակայն, «հաշվի առնելով շարունակվող նույն մտահոգիչ զարգացումները, կրկին հորդորում է համերաշխության ու համախմբվածության, ուղղակի հրամայական պահանջ է դարձել հարգանքը մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների նկատմամբ»։

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո ընդդիմությունը հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ է անցկացնում։ Դեկտեմբերի 22-ին համազգային գործադուլ էր հայտարարվել՝ ընդդիմությունը կեսօրից սկսել էր անհնազանդության ակցիան Հանրապետության հրապարակում։ Ավելի վաղ Փաշինյանը, խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, հայտարարել էր, թե 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի։