23 դեկտեմբերի 2020 - 13:00 AMT
Իսագուլյանի կողմից բռնություն գործադրելու կոչերի փաստով քրգործ կա

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Խոսքը YouTube-ում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում հնչեցված կոչերի մասին է։

Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1- ին մասով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: