ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ է մշակել, ըստ որի այն զեկույց կներկայացնի Ազգային ժողովին։
Փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչև 10 ամիս ժամանակ։
«Նպատակ ունենալով վերհանել օբյեկտիվ ճշմարտությունը պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության վերաբերյալ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակվել է Փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ, ըստ որի՝ փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը (ընդհանուր՝ 16 անդամ)։
Ըստ նախագծի՝ Փաստահավաք խմբի ուսումնասիրման առարկան է՝
- թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմական գործողությունների ընթացքը,
- պատերազմին նախորդող շրջանի իրադարձությունները (այդ թվում՝ դիվանագիտական հարթությունում, սպառազինության ձեռքբերման առումներով և այլն), որոնք կարող էին հիմք ծառայել պատերազմն սկսվելու և այն պարտվելու համար,
- պատերազմից հետո՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինի կողմից 2020թ. նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարությամբ ստանձնված պարտավորությունների, տեղի ունեցող հանգամանքները, ինչպես նաև Պատերազմի ուղղակի հետևանքը հանդիսացող այլ իրադարձությունները»,-ասվում է հայտարարության մեջ։
Փաստահավաք խմբի անդամներն աշխատելու են հասարակական հիմունքներով։
Ազգային ժողովին ներկայացվելիք զեկույցը (ներառյալ հատուկ կարծիք (ներ)ը՝ առկայության դեպքում) պետք է ընդգրկի պատերազմի ընթացքի, նախապատերազմյան և հետպատերազմյան փուլերի իրադարձություններին վերաբերող փաստերի շարադրանքը, դրանք հիմնավորող ապացույցները, դրանց վերաբերյալ Փաստահավաք խմբի անդամներին տրված մեկնաբանությունները:
«Նախագծի օրինակներն արդեն իսկ ուղարկված են քաղաքական ուժերին, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակ, որտեղից սպասում ենք դիրքորոշում և առաջարկներ, որոնք ի մի բերելով, վերջնական լրամշակված տարբերակը կարող է շրջանառության մեջ դրվել կառավարության որոշման կամ օրենսդրական ակտի նախագծի տեսքով», - ասվում է ԼՀԿ հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։