25 դեկտեմբերի 2020 - 12:13 AMT
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները լրացուցիչ կվարձատրվեն

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները լրացուցիչ վարձատրություն կստանան։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Տատյանա Շևցովան։

«Նախատեսված են լրացուցիչ վճարումներ նաև անձնակազմին, որը մասնակցում է խաղաղության պահպանման գործողությանը Լեռնային Ղարաբաղում։ Լրացուցիչ վճարումները կլինեն երկու հաստիքի չափով»,-ասել է նա, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Փոխնախարարը պարզաբանել է, որ խաղաղապահ զորակազմի ֆինանսավորումը կատարվում է բյուջետային միջոցների լրացուցիչ հատկացումների հաշվին՝ նման որոշում է կայացրել կառավարությունը։ Մասնավորապես միջոցները հատկացվել են Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման պայմանների ստեղծմանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti