25 դեկտեմբերի 2020 - 16:02 AMT
Լյուքսեմբուրգի խորհրդարանը բանաձև է ընդունել ԼՂ կարգավիճակի վերջնական կարգավորման վերաբերյալ

Լյուքսեմուրգի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում գործադիրին ի թիվս այլոց Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Մասնավորապես, Լյուքսեմբուրգի խորհրդարանը, արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարել է Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցային գործընթացը և Մադրիդյան սկզբունքները, սանձազերծելով պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, այդ թվում՝ փաստելով Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունն Ադրբեջանի՝ ռազմական տեխնիկայի և ջիհադիստ վարձկանների տեղակայման միջոցով։

Նշյալ բանաձևով արձանագրվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքների բռնազավթումը Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակությունը և կոչ է արվում ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, պահպանել եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարը, սկսել ռազմական հանցագործությունների հետաքննություն և երաշխավորել բոլոր փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր։

Բացի այդ, Լուքսեմբուրգի խորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց հանդեպ, ովքեր հայերի նկատմամբ բռնություններ և ատելություն են տարածում, ինչպես նաև՝ ապահովել հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։