25 դեկտեմբերի 2020 - 14:53 AMT
ՀՀ և Արցախի ՄԻՊ-երն արտահերթ զեկույց են ներկայացրել լրագրողների վրա Ադրբեջանի հարձակումների մասին

Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ:

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարերկրյա ու 2 հայ) և զոհվել է լրագրողական խմբի ուղեկցող 1 անձ:

Դիտավորյալ թիրախավորման մասին է վկայում այն փաստը, որ լրագրողները կրում էին հատուկ համազգեստ և տարբերակիչ նշաններ, որոնք առկա էին նաև նրանց մեքենաների վրա: Բացի այդ, որոշ վկայություններ նշում են, որ հարվածներից առաջ և ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները, ինչը նշանակում է, որ լրագրողները լիովին տեսանելի ու տարբերակելի են եղել ադրբեջանական զինված ուժերի համար:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։