25 դեկտեմբերի 2020 - 17:40 AMT
Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ կերկարացվի

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն իտալական «Ռոմայի» հետ ինքնաբերաբար կերկարացվի, գրում է RomaPress-ը։

Նշվում է, որ Մխիթարյանն Ա Սերիայի խաղաշրջանի առաջին կեսի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն է եղել։ Ամառվանից սկսած նա 7 գոլի հեղինակ է դարձել և 6 գոլային փոխանցում կատարել 14 խաղում։

Տեխնիկապես Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմա» ակումբի հետ լրանում է 2021-ի հունիսին, սակայն, նշվում է, որ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխված ֆուտբոլիստը գրեթե կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք հանգեցրել են ևս մեկ տարով՝ մինչև 2022թ․ պայմանագրի երկարացմանը։

Մխիթարյանը «Ռոմա» էր տեղափոխվել «Արսենալից» վարձակալության հիմունքներով, սակայն, այնուհետև լոնդոնյան ակումբը համաձայնեց վաճառել ֆուտբոլիստին իտալացիներին։