28 փետրվարի 2009 - 15:07 AMT
ԼՂՀ նախագահը հարգել է սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը
Սումգայիթի ջարդերի 21-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 28-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում:

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 26-29 տեղի ունեցած դեպքերը նորագույն խորհրդային պատմության մեջ դարձան առաջին էթնիկական պայթյունը: Սումգայիթյան ջարդերը շարունակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնությամբ, թալանով եւ սպանություններով, ինչը հանգեցրեց գաղթականների առաջին հոսքին Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Անկարգությունների հանգամանքների համաժամանակյա հետաքննություն, մեղավորների հայտնաբերում եւ պատիժ չէր իրականացվել, ինչը հանգեցրեց Ադրբեջանի եւ Ղարաբաղի հայկական բնակչության հանդեպ բռնության առավել մեծ էսկալացիային: Պաշտոնական տվյալներով, դեպքերի ժամանակ սպանվել է 32 հոգի: