25 դեկտեմբերի 2020 - 17:52 AMT
ՀՀ-ն Արցախին 3 մլրդ 100 մլն դրամ բյուջետային վարկ կտրամադրի

Հայաստանն Արցախի տնտեսությանն աջակցելու նպատակով պետբյուջեից Արցախի կառավարությանը 3 միլիարդ 100 միլիոն դրամ գումարի չափով բյուջետային վարկ կտրամադրի:

Բյուջետային վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0.001% տոկոսադրույքով մինչև 2025-ի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով, տեղեկացնում է Aysor.am-ը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։