ՀՀ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով, Հադրութի շրջանում վերսկսված մարտերի մասին լուրերին, հայտարարել է, որ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։
ՊՆ-ն հավելել է նաև, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմից զոհերի և վիրավորների մասին։
«Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈւ ամբողջական վերահսկողության ներքո։ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել։
Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, Հադրութի Տող գյուղի մոտ հայ և ադրբեջանցի զինվորների միջև փոխհրաձգության և մարտերի մասին, որի հետևանքով, ըստ այդ աղբյուրների, հայկական կողմն ունի 6 զոհ և վիրավոր, իսկ ադրբեջանականը՝ 5 վիրավոր։ Նմանատիպ լուր էր տարածել նաև WarGonzo տելեգրամ-ալիքը։