Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն դեկտեմբերի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացին: Այդ մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Նշվում է, որ մինչ այդ ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսական տնտեսությունների ներկայացուցիչները նախազգուշացվել էին հսկողության միջոցառումների խստացման մասին: Վերջիններիս նաև միջանկյալ ժամանակ էր տրվել՝ արգելքի մեկնարկից հետո լճից ցանցերը հանելու համար:
Դեկտեմբերի 27-ին ազգային պարկի պահնորդական ստորաբաժանման կողմից դուրս է բերվել ընդհանուր 15 ցանց:
Նշվում է, որ ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
«Հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ»,-տեղեկացնում է նախարարությունը։
Դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում Սևանա լճում և Հայաստանի ամբողջ տարածքում, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։ Սիգի ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ամբողջ տարածքում։