29 դեկտեմբերի 2020 - 17:28 AMT
Արցախ է վերադարձել ավելի քան 46,000 փախստական

Պատերազմի ավարտից հետո Արցախ է վերադարձել ավելի քան 46,000 փախստական։

Ռուս խաղաղապահները դեկտեմբերի 28-ին փախստականներին տեղափոխող հերթական շարասյունն են ուղեկցել Հայաստանից դեպի Արցախ։ Մեկ օրում Երևանից 273 փախստական է վերադարձել Ստեփանակերտ։

Ավտոբուսների երթևեկը ռուս խաղաղապահների հետ միասին պարեկել է նաև ռազմական ոստիկանությունը, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

ՌԴ խաղաղապահ զորակազմի զինվորականներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը մշտական բնակության վայրեր, նրանց հումանիտար աջակցություն է ցուցաբերվում, վերականգնվում են ենթակառուցվածքները։ 23 դիտակետում իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման և իրավիճակի մշտադիտարկում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։