30 դեկտեմբերի 2020 - 13:53 AMT
Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին և նամականիշների հավաքածու նվիրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։

Ռուսաստանի Դաշնության նախագահի անունից Արմեն Սարգսյանին է հանձնվել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին նվիրված նամականիշների հուշանվերային հավաքածու:

«Հուսով եմ, որ այն դժվարությունները և անհանգստությունները, որոնք բերեց ավարտվող տարին, կմնան անցյալում: Ցանկանում եմ վերահաստատել ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ տրամադրվածությունը՝ ի բարօրություն մեր երկու եղբայրական ժողովուրդների, ի շահ անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»,- մասնավորապես ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում: