30 դեկտեմբերի 2020 - 14:20 AMT
Նախարար․ Հունվարի կեսին կարող է կորոնավիրուսի 3-րդ ալիք լինել

Հունվարի երկրորդ կեսին ՀՀ-ում կարող է կորոնավիրուսի երրորդ ալիք գրանցվել։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Հոծ գիծ» ծրագրում՝ նշելով, որ տոնական օրերին կավելանան մարդկանց շփումները, ինչը կարող է հանգեցնել վարակի տարածմանը։

Նախարարը վարակի երկրորդ ալիքը կապել է պատերազմի հետ, քանի որ հնարավոր չէր այլևս հետևել սանիտարական նորմերի պահպանմանը և արդյունքում ամեն օր հազարից ավելի դեպքեր էին գրանցվում։

Նա նշել է, որ հետպատերազմյան շրջանում իրավիճակը մեղմվել է, նոր դեպքերի քանակը պակասել է, իսկ հիվանդանոցներն արդեն վերադառնում են աշխատանքի բնականոն ռեժիմին, սակայն պատրաստ են երրորդ ալիքին։

Թորոսյանը նշել է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսը երկրում նահանջում է։

Հայաստանում դեկտեմբերի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 158,878-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2807 դեպք կա, այլ պատճառով՝ 679։ Փաստացի բուժվողների թիվը 13,548 է։