5 հունվարի 2021 - 12:30 AMT
Դավիթ Բաբայանը՝ Արցախի ԱԳ նախարար

Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը նշանակվել է երկրի արտաքին գործերի նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Մասիս Մայիլյանին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է համապատասխան հրամանագրերը։

Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Մեկ այլ հրամանագրով Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի ֆինանսների նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Գրիգորի Մարտիրոսյանը՝ նշանակվել ԱՀ պետնախարար, ֆինանսների նախարար՝ ազատվելով պետնախարարի պաշտոնից:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։