Ազգային ժողովի քաղաքական մեծամասնություն հանդիսացող «Իմ քայլը» խմբակցությունն ունի հստակ մոտեցում` հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից: Այդ մասին տեղեկացրել է խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը, որն Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունների մշակման աշխատանքային խմբի ղեկավարն է։
«Քննարկվում է թե ֆիքսված համամասնական ցուցակը, որը հաճախ կոչվում է փակ ցուցակ (քանի որ ընտրացուցակի անունները հստակ ֆիքսված են լինում), թե մասնակի բաց ցուցակը, երբ քաղաքացիներն ընտրացուցակի մի մասի առնչությամբ կարողանում են քվեարկությանբ արտահայտել իրենց դիրքորոշումը»,- ասել է պատգամավորը, գրում է «Հետքը»։
Պատգամավորը կարծում է, որ դաշինքները չպետք է ձևավորվեն անձերի կամ անունների շուրջ` անձնակենտրոն քաղաքական համակարգը հնարավորինս բացառելու համար: Նախատեսվում է վերանայել նաև դաշինքների անցողիկ շեմը: Գործող օրենքով կոալիցիան կարող է ներառել առավելագույնքը երեք կուսակցություն։ Նախագծով այս սահմանափակումն առաջարկվում է չեղարկել և վերանայել կոալիցիաների ձևավորման ժամկետները:
«Կարծում եմ՝ փոփոխությունները պետք է ենթադրեն այնպիսի ընտրակարգ, որտեղ ԱԺ պատգամավորների թիվը ֆիքսված է լինելու, և ոչ թե ֆիքսվի նվազագույն թիվը»,- ասել է Դանիելյանը:
2020-ի տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ խորհրդակցությունների։ Խորհրդարանական աշխատանքային խումբը մոտ մեկ տարի առաջ սկսել էր Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունների շուրջ աշխատանքները: Կորոնավիրուսի համավարակի պատճառով այն ընդհատվել էր, ապա շարունակվել հեռավար:
«Կուսակցությունների մասին» օրենքը խորհրդարանն արդեն ընդունել է, ԸՕ-ի նախագիծը հանրային քննարկման կներկայացվի առաջիկայում: