6 հունվարի 2021 - 13:30 AMT
ՀԲ․ 2020-ին ՀՀ-ն 8% տնտեսական անկում կգրանցի, 2021-ին՝ 3․1% աճ

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2020-ին Հայաստանում 8%-անոց տնտեսական անկում կգրանցվի, 2021-ին տնտեսական աճը կկազմի 3․1%, իսկ 2022-ին՝ 4․5%, ասվում է «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում (Global Economic Prospects)։

Հունիսին Global Economic Prospects-ի զեկույցով ՀԲ-ն 2020-ին Հայաստանի համար կանխատեսել էր 5․2% տնտեսական անկում, 2021-ի համար՝ 1․8%: Հոկտեմբերին արդեն ՀՀ-ի համար 2020-ին 6․3%-անոց տնտեսական անկում էր կանխատեսվում, իսկ 2021-ին` 4․6% աճ։

Ըստ Հայաստանի պետբյուջեի նախագծի՝ 2020-ին նախապես կանխատեսվում էր 4․8% տնտեսական աճ, ավելի ուշ, հաշվի առնելով հանգամանքները (կորոնավիրուսի համավարակ, խմբ․) տարեվերջին կանխատեսվում էր 6% անկում, արդեն հոկտեմբերին (պատերազմի ֆոնին,- խմբ.) կանխատեսվում էր տնտեսական անկման 7․9%-անոց ցուցանիշ։

Հայաստանի Կենտրոնական բանկը 2020-ի համար 7․2% տնտեսական անկում էր կանխատեսել։

2020-ի տարեկան տնտեսական ցուցանիշները պաշտոնապես կամփոփվեն հունվարի վերջին, սակայն արդեն հայտնի է, որ 2009-ից հետո առաջին անգամ Հայաստանի տնտեսությունն անկում է ապրել։ Հայաստանը մինչև 2020-ը տնտեսական անկումներ ապրել է 5 տարի․ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 1991 թվականին 11.7%, 1992-ին՝ 41.8% և 1993-ին՝ 8.8%։ Միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքով՝ 2009 թվականին ՀՀ տնտեսությունը 14.1% անկում էր ապրել։