6 հունվարի 2021 - 17:58 AMT
Պատգամավորը՝ Կաթողիկոսի քարոզի մասին․ Լի էր «ընդդիմադիր» զեղումներով, քաղբովանդակությամբ և ակնարկներով

Ամենայն հայոց կաթողիկոսի Սուրբծննդյան քարոզը լիքն էր «ընդդիմադիր» զեղումներով, քաղաքական բովանդակությամբ, ակնարկներով և ենթատեքստերով, հայտարարել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Պատգամավորը գրել է, թե «քաղաքակրթական ճգնաժամերը» բերում են համայն հայության և Հայաստանի ճակատագրի հետ կապված լրջագույն մարտահրավերներ ու խնդիրներ, որտեղ չափազանց մեծ է հենց Հայ Առաքելական եկեղեցու դերը։

«Սրանից է կախված և՛ որպես կառույց՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ապագան, և՛ հայության ապագան՝ որպես համաշխարհային քարտեզի վրա պետական կարգավիճակ ունեցող սուբյեկտի: Այս համատեքստում, այսօր ուղղակիորեն ակնհայտ անհրաժեշտություն է եկեղեցու ներքին բարեփոխումների խնդիրը, որը հնարավորություն կտա Հայ Առաքելական Եկեղեցին՝ առավել դինամիկ աշխարհում լինել առավել ճկուն, կարիք չունենալ լինելու գործող կամ իշխանությունների կամ օլիգարխիկ դասի կցորդը, հանդես գալու որպես ինքնուրույն մի կառույց, որի երկխոսության թիվ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին է, որը պետք է այդ քաղաքացու հետ պայմանավորվի երկխոսության և համատեղ քայլքի նոր առաջնահերթությունների, նոր ուղենիշների ու խնդիրների շուրջ, առկա իրողություններին նորովի հայացք գցելու սահմանների շուրջ»,-գրել է նա։

Հունվարի 6-ին Սուրբ Ծննդի Պատարագի ժամանակ Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել էր, թե «անկայուն խաղաղության և պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսևորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին»։