7 հունվարի 2021 - 13:16 AMT
Գարեգին Բ-ն հոգեհանգստյան կարգ է մատուցել Եռաբլուրում

Հունվարի 7-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է Եռաբլուր և հոգեհանգստյան կարգ մատուցել:

«Հայրապետը Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսն է փոխանցել այնտեղ ննջող հերոս քաջորդիներին և աղոթել նրանց հոգիների հանգստության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։

Հայ առաքելական եկեղեցում բոլոր տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակության օր: Հունվարի 7-ին, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։