8 հունվարի 2021 - 11:06 AMT
ԱՆ խոսնակը՝ էկոնոմիկայի նախարարին․ Կարանտինի երկարաձգման նախագծում տնտեսական գործունեության արգելք չկա

Կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտինի երկարաձգման նախագծով տնտեսական որևէ գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսի վարակման ռիսկն այդ կազմակերպություններում, հայտարարել է առողջապաահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ կարանտինը երկարացնելու նախագիծն իրենց հետ չի քննարկվել, նախարարությունը դեմ է դրան։ Նա նշել է, որ իրենք կքննարկեն և «միայն շատ ծանրակշիռ փաստարկների դեպքում կկարողանան այդ առաջարկի որոշ կետերի հետ համաձայնել»։ Քերոբյանի խոսքով՝ այժմ տնտեսությանն ամենաշատն է անհրաժեշտ թթվածին և պետք է ամեն ինչ անել, որ այն հնարավորինս բաց աշխատի:

«Նախարար Վահան Քերոբյանը նաև նշել է, որ տնտեսությանը հիմա ամենաշատը հարկավոր է թթվածին: Անցած ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժվող անձանց էր ամենաշատը անհրաժեշտ թթվածին, ինչը առողջապահության նախարարության ջանքերով ապահովվել է։ Մենք լիահույս ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը ևս ջանքեր չի խնայի տնտեսությանը թթվածնով ապահովելու` առանց հիվանդների թիվը ավելացնելու, ինչպես նաև նրանց բուժման համար անհրաժեշտ թթվածնի մատակարարումը խաթարելու»,- գրել է նա։

Նիկողոսյանը նշել է, որ համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում իրավիճակը լարված է, որոշ երկրներ լոքդաունի են գնում մահվան դեպքերի կտրուկ աճի պատճառով և նման պարագայում «միանշանակ է, որ որևէ միջոցառում չանելն ու դրանով վարակի տարածմանը նպաստելն անթույլատրելի է»:

ԱՆ-ն կարանտինը ևս 6 ամսով երկարաձգելու առաջարկ է ներկայացրել, նախագիծը դեռ չի հաստատել Կառավարությունը։ Նախագծի հաստատվելու դեպքում գործող հակահամաճարակային կանոնները կմնան ուժի մեջ՝ դեռ կես տարի էլ պարտադիր կլինի բաց և փակ տարածքներում դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը։ Չհետևողներին էլ ոստիկանությունը կարող է տուգանել։