8 հունվարի 2021 - 12:49 AMT
Հադրութում որոնումների արդյունքում 6 զինվորի դի է գտնվել

Հունվարի 7-ին ընթացած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 զինծառայողի մարմին Հադրութից դեպի Խծաբերդ տանող գյուղի ճանապարհի 5-րդ կիլոմետրի տարածքում։ Այդ մասին հայտնել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Վեց զինծառայողի դիերն էլ եղել են անճանաչելի, բայց նրանց մոտ անձը հաստատող փաստաթղթեր կային»,–ասել է Թադևոսյանը։

Նա հայտնել է նաև, որ հունվարի 8-ին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում, Հադրութում և Ջաբրայիլում։

Ընդհանուր առմամբ, որոնողափրկարարական աշխատանքների մեկնարկից՝ նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ, հայտնաբերվել է 1194 աճյուն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։