9 հունվարի 2021 - 14:51 AMT
«Ժառանգությունը» Փաշինյանից պահանջում է հրաժարվել ՀՀ համար անընդունելի օրակարգով և պարտվողական կեցվածքով Մոսկվա մեկնելուց

«Ժառանգություն» կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է «հրաժարվել Մոսկվա մեկնելուց Հայաստանի համար անընդունելի օրակարգով և պարտվողական կեցվածքով»:

Կուսակցությունից նշել են, թե Հայաստանը պետք է վճռականորեն պահանջի Ալիևից անվերապահ վերադարձնել ռազմագերիներին և պատանդներին՝ եռակողմ համաձայնության 8-րդ կետին համապատասխան:

«Ոչ մի նոր պայմանավորվածություն չի կարող քննարկվել, առավել ևս ստորագրվել, քանի Ադրբեջանի կողմից չեն կատարվել նախորդները: Հայաստանը պետք է դուրս գա միակողմանի զիջումների կործանարար շղթայից, օտար ազդեցություններից, Արցախի հարցը պետք է վերադառնա Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափ: Հայաստանում և Արցախում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես ազգային շահերի գերակայության թելադրանքով, հանրությունն այլևս չի կարող խաբված լինել, ամեն ինչ պետք է լինի բաց և հրապարակային՝ ՀՀ Սահմանադրության, օրենքների պահպանմամբ: Այն իշխանությունը, որը չի կարողանում երաշխավորել այս ամենը, պետք է հեռանա օր առաջ»,-հայտարարել են կուսակցությունից։

«Ժառանգությունից» նշել են, թե Փաշինյանը և նրա ղեկավարած կառավարությունը «անկարող են ճգնաժամային իրավիճակում պետությունը ղեկավարելու»:

«Ալիևը հայ ռազմագերիներին դարձել է քաղաքական պատանդ և նրանց կոչելով ահաբեկիչներ՝ փորձում է զրկել ռազմագերու կարգավիճակից և լրացուցիչ ճնշում գործադրել Հայաստանի ու Արցախի վրա: Այս պայմաններում հունվարի 11-ին նախատեսված մոսկովյան այցի շրջանակներում Ալիև-Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման հեռանկարը անորոշ օրակարգով մեծ մտահոգություններ է առաջացնում: Առկա վտանգավոր իրողությունների և դրանց վերաբերող հանրային, քաղաքական անհրաժեշտ խոսույթի բացակայության պայմաններում՝ Փաշինյանի բացատրությունները էլ ավելի են խորացնում այդ մտահոգությունները, որովհետև այս պայմաններում խոսել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին նշանակում է դառնալ ադրբեջանաթուրքական նոր դավերի զոհ՝ կազմաքանդելով հայոց պետականությունը»,-հայտարարել են կուսակցությունից։

Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի ժամանակ, ըստ տեղեկությունների, նախատեսվում է փաստաթղթի ստորագրում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Նախիջևանի միջանցքի բացման ուղղությամբ կոնկրետ աշխատանք է տարվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այդ հարցին, հայտարարել է, որ եռակողմ հայտարարության հետագա իրագործման հայկական կողմի առաջնահերթություններն են գերիների վերադարձն ու տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

Նրա խոսքով՝ քննարկման առանձին թեմա է Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը: