9 հունվարի 2021 - 17:15 AMT
Արա Աբրահամյանը՝ Փաշինյանին․ՌԴ հայ համայնքը Ձեր հրաժարականին է սպասում, ոչ թե Մոսկվա այցին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՌԴ հայ համայնքը նրա հրաժարականին է սպասում, ոչ թե Մոսկվա այցին։

«Ինչո՞ւ և ինչո՞վ եք այժմ Ռուսաստան մեկնում։ էլ ի՞նչ եք պատրաստվում ստորագրել և ինչի՞ մասին բանավոր պայմանավորվել։

Ինչո՞ւ եք այդքան շահագրգռված շուտափույթ հանձնելու այն ամենը, ինչը դեռ Ձեր ուժերում է։ Ո՞ւմ և ինչո՞վ եք այդքան պարտական, որ պատրատ եք դիմանալ Ալիևի բոլոր ստորացումներին և հոխորտանքներին։ Ինչո՞ւ չեք կարողանում կանգ առնել և կասեցնել Հայաստանը կործանող սցենարը՝ անտեսելով Հայաստանի և Արցախի ժողովրդների, ՀՀ նախագահի, մեր ժողովրդի հոգևոր առաջնորդների՝ կաթողիկոսներ Գարեգին Երկրորդի և Արամ Առաջինի, սփյուռքի հորդորները։

Ինչո՞ւ, փոխանակ կասեցնելու հայտարարության մյուս բոլոր կետերի կատարումը, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել գերիներին վերադարձնելու վերաբերյալ 8-րդ կետը, որոնք պատանդ են դարձել Բաքվում,հանկարծ, կապում եք հանրության համար այդ կարևորագույն հարցը «տրանսպորտային երթոիղիների ընտրության» հետ, որոնք կենսական նշանակություն ունեն Ադրբեջանի և Թուրքիայի, և երկրորդական նշանակություն, Հայաստանի համար։

Կա արդյո՞ք Արցախի կարգավիճակի հարցը ձեր բանակցյաին օրակարգում»,-ասվում է գրառման մեջ։

Արա Աբրահամյանը, դիմելով Փաշինյանին, հավելել է, որ նա «այլևս չի կարող ներկայացնել հայերին և չի կարող որևէ փաստաթուղթ ստորագրել ՀՀ անունից»։

«Քանի որ, արդեն 2 ամիս է Դուք գործում եք ՀՀ իրավական դաշտից դուրս և ոչ մի առնչություն չունեք, ոչ պետության, ոչ էլ ժողովրդի հետ, որի անունով նախկինի պես փորձում եք քողարկվել՝ շրջապատելով ձեզ զինված թիկնապահների շարքերով և մոռանալով, որ այսօր պահպանության և պաշտպանության կարիք ունեն ՀՀ քաղաքացիները, սահմաններն ու Սյունիքի բնակիչները։

«Ցանկալի է իմանալ, թե ինչո՞վ են զբաղված և ինչպես են այդ գործընթացներին մասնակցում պետկառւյցներն ու արդյոք դրանց ղեկավարները հասկանում են, որ իրենք ևս, իրենց անգործությամբ կամ գործողություններով Ձեղ հետ հավասար պատասխանատվություն են կրում կատարվողի համար։

Ինչո՞ւ այսօր պետության և երկրի քաղաքացիները շահերը պաշտպանում են ոչ թե Ազգային ժողովը, ոչ թե Անվտանգության խորհուրդը, ԱԳՆ-ն կամ ՊՆ-ն, այլ միայն ՀՀ օմբուդսմենը։ Պարոն Փաշինյան, թե չունեք այս հարցերի պատասխանները, ապա անիմաստ է Մոսկվա մեկնելն ու Ձեր ներկայությամբ ՌԴ 3 միլիոնանոց հայ համայնքին նյարդայնացնելն ու ստորացնելը։ ՌԴ հայ համայնքը ձեր հրաժարականին է սպասում, ոչ թե Մոսկվա այցին»,-ասվում է գրառման մեջ։

Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի ժամանակ, ըստ տեղեկությունների, նախատեսվում է փաստաթղթի ստորագրում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Նախիջևանի միջանցքի բացման ուղղությամբ կոնկրետ աշխատանք է տարվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այդ հարցին, հայտարարել է, որ եռակողմ հայտարարության հետագա իրագործման հայկական կողմի առաջնահերթություններն են գերիների վերադարձն ու տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

Նրա խոսքով՝ քննարկման առանձին թեմա է Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը: