12 հունվարի 2021 - 13:22 AMT
6 ամիս անվճար կոլոնոսկոպիա` 45 տարեկանից բարձր բոլոր ցանկացողներին

Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 6 ամիս կիրականացնի անվճար կոլոնոսկոպիա 45 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար, հայտնում են կենտրոնից:

Կոլոռեկտալ քաղցկեղը 3-րդ ամենատարածված քաղցկեղն է մեծահասակների մոտ աշխարհում: Հայաստանում այն նույնպես բավականին տարածված է:

Դրա վաղ ախտորոշման հետազոտական մեթոդի ոսկե ստանդարտ է համարվում կոլոնոսկոպիան, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հայտնաբերել, այլև հեռացնել պոլիպները կամ կասկածելի գոյացությունից վերցնել կտոր հյուսվածաբանական հետազոտության համար: Այս մեթոդով պոլիպների հեռացումը կարող է կանխել կոլոռեկտալ քաղցկեղի զարգացումը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնից հայտնում են, որ ձեռք են բերել վերջին սերնդի լավագույն էնդոսկոպիկ համակարգը (կոլոնոսկոպ, գաստրոսկոպ, դուոդենոսկոպ):

Վերջին 10 տարվա ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդացության որոշակի աճի միտում՝ 2009 թվականի համեմատ 2019 թվականին նոր դեպքերի թիվը մոտ 100-ով ավելի է։ Վաղ հայտնաբերման դեպքում կոլոռեկտալ քաղցկեղը կարող է լիարժեք բուժվել: 5-ամյա ապրելիությունը միջինում կազմում է մոտ 64%, իսկ վաղ հայտնաբերման դեպքում այն հասնում է 90%-ի: