12 հունվարի 2021 - 14:37 AMT
Տրանսպորտային ապաշրջափակման աշխատանքային խումբը ՀՀ կողմից կգլխավորի Մհեր Գրիգորյանը

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այդ մասին հայտնել են փոխվարչապետի գրասենյակից, տեղեկացնում է Aysor.am-ը:

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։

Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։

Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար: