13 հունվարի 2021 - 16:43 AMT
Շիրիև․ ԵԱՀԿ ՄԽ-ն չի բերել որևէ նոր գաղափար բանակցություններին

ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվ է որպես սուրհանդակ, ոչ թե որպես միջնորդ, այն «որևէ նոր գաղափար բանակցությունների գործընթացին չի բերել», հայտարարել է վերլուծաբան Զաուր Շիրիևը Caucasus Insititute-ի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ձախողումները և հեռանկարները» թեմայով վեբինարին։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության բանակցային կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույց է, որը համանախագահում են ՌԴ-ն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։

«Նրանք չեն բերել որևէ նոր գաղափարներ բանակցությունների գործընթացին։ ԵԱՀԿ Մինսկի խմբից սպասելիքներն այլ էին, բայց նրանք այլ կերպ գործեցին»,- հայտարարել է նա, փոխանցում է Aravot.am-ը։

Զաուր Շիրիևը նշել է՝ ընկալում կա, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արբիտր է և ոչ թե միջնորդ, և հնարավոր չէ մի դեպք գտնել, երբ «հակամարտությունների միջնորդն ինչ-որ մի բան է որոշում հակամարտող կողմերի փոխարեն»։

Նա հայտնել է, թե նախկինում Ադրբեջանը պատրաստ էր Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տալ, սակայն այժմ իրադրությունը փոխվել է։ Ըստ նրա՝ այժմ Ադրբեջանը պատրաստվում է տալ նվազագույնը, և բանակցությունները սկսել հենց այդ նվազագույնի հիման վրա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հայտարարություն ստորագրվեց տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման մասին։