13 հունվարի 2021 - 16:57 AMT
Մակունցը՝ Փաշինյանին փոխարինելու մասին․ «Իմ քայլի» ներսի քննարկումները նպատակահարմար չէ մեկնաբանել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինելու մասին հարցն ու իրենց խմբակցության ներսում եղած քննարկումները, փոխանցում է Factor.am-ը։

«Ես նպատակահարմար չեմ գտնում մեր խմբակցության ներքին քննարկումները այս պահին հրապարակել։ Մեր խմբակցությունում եղել են տարբեր քննարկումներ, հայտարարություն եղել է (նկատի ունի «Իմ քայլը» լքած Սոֆյա Հոսեփյանի հայտարարությունը՝ Փաշինյանին նոր թեկանծուով փոխարինելու մասին,- խմբ․) և դրա հետ կապված մեկնաբանություն խնդրում եմ ինձնից չպահանջել։ Առաջնայինն այն է, որ ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջ շարժվել, հետևաբար, արտահերթ ընտրությունների օրակարգն արդեն կա ու կշարժվենք դրանով»,- ասել է նա՝ փաստացի չհերքելով, որ նման քննարկումներ եղել են։

Մակունցը նշել է, որ խմբակցությունից դուրս եկած այլ պատգամավորների ու քաղաքացիների խոսքերը չի մեկնաբանում, «իսկ ներքին քննարկումների հետ կապված ունենք այն, ինչ ունենք»:

Ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքացիները նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո պահանջում են վարչապետի հրաժարականը։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք գնալու են խորհրդարանական արտահերթ ընտրությունների։