ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույցում քննարկել են հունվարի 11-ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ԼՂ վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը, գրում է ՏԱՍՍ-ը։
«ԱԳ նախարարները քննարկել են մոսկովյան գագաթնաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր։
Հունվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։
Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։ Եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։