13 հունվարի 2021 - 19:01 AMT
Պոպով․ ԼՂ շուրջ բանակցությունները նույնկերպ շարունակվել են մինչև 2018-ը, երբ Երևանը նոր մոտեցում առաջ քաշեց

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովը, խոսելով ԼՂ կարգավորման ընթացքի մասին, հայտարարել է, որ կարգավորման շուրջ բանակցությունները կանոնավոր կերպով շարունակվել են ընդհուպ մինչև 2018-ը, երբ Երևանը նոր մոտեցումներ առաջ քաշեց, գրում է ՏԱՍՍ-ը։

Պոպովը, ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին, հայտարարել է նաև, որ Ռուսաստանը երբեք չի հանգեցրել Լեռնային Ղարաբաղի կարգավորումը միայն Ադրբեջանին 7 շրջանը վերադարձնելուն՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նաև նշել է, որ ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմը չեն մերժել բանակցային առաջարկները, թեև լիակատար համաձայնության հասնել չէր հաջողվում։

Ընթերցեք նաև․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյանին․ Երբեք չենք առաջարկել 7 շրջանը Բաքվին տալ՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին

Փաշինյանը «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում գրել է․ «2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որեւէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը։

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար: Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ և ռուսական առաջարկները ըստ էության համանախագահության առաջարկներն են: Կրակին յուղ է լցնում նաեւ Թուրքիան, ում ձեռքերը ազատվել են և նույնիսկ ավելի են երկարել ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո, և նա տարածաշրջանի կայունության միակ նախապայմանը համարում է 7 շրջանների հանձնումը:»