14 հունվարի 2021 - 11:03 AMT
ՄԻՊ-ը նոր զեկույց է հրապարակել Ադրբեջանում հայ գերիների հանդեպ վերաբերմունքի մասին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ զեկույց է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում: Այդ մասին ՄԻՊ-ը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Իրականում, շատ արժեքավոր զեկույց է (անգլերենով է): Կոնկրետ օրինակներով է: Զեկույցը վերաբերում է Ադրբեջանում գերիների` թե´ զինծառայողների, թե´ քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբերմունքին։

Զեկույցում հատուկ շեշտադրում է արվում Ադրբեջանում նրանց հարցաքննությունների վրա՝ եզրահանգելով, որ հայկական կողմի գերիների հայտնած տեղեկությունները չեն կարող որևէ հիմք ծառայել նրանց նկատմամբ քրեական հետապնդման համար, ինչպես նաև չեն կարող ունենալ որևէ ապացուցողական նշանակություն միջազգային կառույցներում:

Մասնավորապես, արտահերթ զեկույցը ներկայացնում է ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները, որոնք ուղեկցվել են հայկական կողմի գերիներին խոշտանգելով, հարկադրանքով գործողություններով, նվաստացումներով և այլն:

Այս փաստերը հիմնված են զեկույցում բերված ապացույցների ու վերլուծությունների վրա, ինչը ևս մեկ անգամ հաստատում է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ միջազգային բացարձակ պահանջներով արգելված մեթոդների կիրառումը»,- ասվում է գրառման մեջ։

Զեկույցի գնահատականները հիմնված են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի սեփական փաստահավաք աշխատանքների վրա:

Բացի այդ, ուսումնասիրվել են ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերմունքի և նրանց հարցաքննության հետ կապված միջազգային պահանջները և իրավական չափանիշները, օբյեկտիվ բնույթի ապացույցներ ու այլ նյութեր:

Արտահերթ զեկույցն իմ ստորագրությամբ վաղը կուղարկվի միջազգային կառույցներին, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, անդրադառնալով հայ գերիների մասին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի տարածած նամակին, հայտարարել է, որ բացարձակ դատապարտելի է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը տարածքայինի հետ կապելն ու ակնհայտ քաղաքականացնելը։

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020-ի դեկտեմբերի 28-ին կազմակերպության գլխավոր քարտուղարին է հասցեագրել նամակ, որը տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում: Այդ նամակում տեղ են գտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցեր։