14 հունվարի 2021 - 11:31 AMT
ՊՆ․ Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ

Հունվարի 13-ին և 14-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Նշվում է, որ ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Արցախում 44-օրյա պատերազմից հետո սահմանազատման աշխատանքների հետևանքով ՀՀ Սյունիքի ու Գեղարքունի մարզի որոշ հատվածներ դարձել են սահմանամերձ, դրանք թշնամու զինված ուժերի տեսադաշտում են, երբեմն՝ մի քանի տասնյակ մետրի վրա։