14 հունվարի 2021 - 15:39 AMT
Գարեգին Բ. Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական եկեղեցիներն ու հուշարձանները վտանգված են

Արցախում Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են։ Այդ մասին հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ հավելելով, որ Բաքուն հրաժարվում է արտոնել ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը, որպեսզի նրանք կարողանան գնահատել դրանց վիճակը, գրում է «Իզվեստիան»։

Ամենայն հայոց կաթողիկոսը հավելել է, որ ռուս խաղաղապահները մեծ ջանքեր են գործադրում՝ ապահովելու հուշարձանների և կոթողների պահպանությունը։ Նա նաև երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատերազմի դադարեցմանն անձամբ նպաստելու համար։

Գարեգին Երկրորդը նշել է, որ ՀԱԵ-ն հատուկ բաժին ունի, որը զբաղվում է միջազգային նշանակության հուշարձանների ու կոթողների պահպանությանն առնչվող հարցերով։ Ըստ նրա՝ եկեղեցին դիմել է աշխարհի հոգևոր առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին և կառույցներին, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ին։

Կաթողիկոսը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այդ թվում՝ ՌԴ, ջանքերով հնարավոր կլինի անհապաղ գործողություններ ձեռնարկել հուշարձանների պահպանության ուղղությամբ։

Իր հերթին ՌԳԱ Հյուսիս-Արևմտյան ինստիտուտի կառավարման և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Իննա Վետրենկոն նշել է․ «Ադրբեջանի տարածքում և Լեռնային Ղարաբաղում համաշխարհային նշանակության հայկական հուշարձանների քանակը բավականին մեծ է։ Եվ միակ միջազգային կառույցը, որը կարող է հսկել դրանց պահպանությունը, ՅՈւՆԵՍԿՕ-ն է։ Իսկ հիմա, երբ Ադրբեջանը չի ուզում թույլ տալ փորձագետներին այցելել Ղարաբաղ, դա էլ ավելի մեծ մտահոգություն է առաջացնում։ Եվ ոչ միայն հայկական կողմի մոտ։ Այս իրավիճակում Մոսկվան կարող է նպաստել իրավիճակի հանգուցալուծմանը, կարող է ստանձնել այդ առաքելությունը՝ առաջ մղել ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների այցի արտոնման հարցն ու որոշակի երաշխիքներ տալ հայկական կողմին»։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Ադրբեջանը հոկտեմբերի 8-ին մը 2 անգամ հարվածել է Սբ Ամենափրկիչին՝ եկեղեցուն ավերածություններ պատճառելով։ Երկրորդ հարվածի ժամանակ ներսում նաև ռուս լրագրողներ են եղել։ Ադրբեջանցիները վնասել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ)` ոչնչացնելով դրա գմբեթները։

Ադրբեջանցի զինծառայողները տապալում են նույնիսկ հայկական գերեզմանների շիրմաքարերը, կոտրում խաչքարերը