3 մարտի 2009 - 10:49 AMT
Արոնյանը տանուլ է տվել ադրբեջանցի շախմատիստ Ռաջաբովին
Ավարտվել է շախմատի «Լինարես-2009» միջազգային գերմրցաշարի 10-րդ փուլը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը կրեց իր երրորդ պարտությունը, այս անգամ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովից: Արոնյանը, խաղալով սեւերով, հանձնվեց պարտիայի 56-րդ քայլում: Նշենք, որ նշված շախմատիստների վերջին երկու հանդիպումները ոչ ոքի էին ավարտվել: Եւս մեկ արդյունավետ ելք այս փուլում գրանցվեց Կարլսեն-Յուէ պարտիայում: Այստեղ հաջող խաղաց չինացի շախմատիստը, որը կարողացավ սեւերով հաղթանակ տանել նորվեգացու հանդեպ պարտիայի 64-րդ փուլում: Մյուս երկու պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:

10 փուլից հետո Արոնյանը կիսում է 3-5 տեղերը հնդիկ գրոսմայստեր Վիշի Անանդի եւ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Այսօր հայ գրոսմայստերը 11-րդ փուլի շրջանակներում խաղում է կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ, որին նա հաղթեց 4 փուլում, խաղալով սպիտակներով:

10-րդ փուլի արդյունքները` Ռաջաբով-Արոնյան 1:0, Կարլսեն-Վան Յուէ 0:1, Գրիշչուկ-Իվանչուկ, Անանդ-Դոմինգես-ոչ ոքի:

Դասավորությունը 10 փուլերից հետո` Գրիշչուկ-6,5; Իվանչուկ-5,5; Արոնյան, Կարլսեոն, Անանդ-5-ական միավոր, Ռաջաբով, Վան Յուէ-4,5-ական միավոր, Դոմինգես-4 միավոր:

11-րդ փուլի արդյունքները` Գրիշչուկ-Ռաջաբով, Իվանչուկ-Կարլսեն, Վան Յուէ-Անանդ, Դոմինգես-Արոնյան: