15 հունվարի 2021 - 18:09 AMT
ԶԼՄ․ Կոտայքի մարզում զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ 1 մլն 500 հզ դրամ են հափշտակել

Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզում զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ 1 մլն 500 հազար դրամ հափշտակելու փաստով, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Հունվարի 13-ին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ա․Մ․-ից, ով հայտնել է, որ իր որդին ծառայել է Արցախի Մեխակավանի (Ջաբրայիլի) զորամասում, և 2020-ի հոկտեմբերի 1-ից տեղեկություններ չունի։

Ըստ Shamshyan.com-ի, Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նշված զորամասի սպաներից մեկն իր կնոջ միջոցով Ա․Մ․-ից 1 միլիոն 500 հազար դրամ գումար է վերցրել, իբրև թե՝ զինվորի բուժման համար։ Հրազդանի ոստիկանները պարզել են, որ պատերազմական գործողությունների ժամանակ Ա․Մ․-ն իր որդուց ոչ մի լուր չի ունեցել, և տևական ժամանակ անց իր կինը ինչ-որ տեղից ճշտել է, որ որդին գտնվում է գերության մեջ, նաև գտել է ոմն Հարութի, ով ներկայացել է, որ զորամասի ծառայող է և խոստացել է՝ գումարի դիմաց ծնողների զինվոր որդուն գերությունից վերադարձնել տուն։ Այդ անձը զինվորի ծնողների վստահությունը չարաշահելու եղանակով, 2 ամսվա ընթացքում տերմինալի միջոցով տիրացել է նրանց կողմից փոխանցված 1 միլիոն 500 հազար դրամին։

ԶԼՄ-ի տեղեկություններով՝ հունվարի 13-ին ծնողներն իմացել են, որ իրենց որդին զոհվել է։

Կոտայքի մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ զինվորի ծնողներին խաբած, նրանցից խարդախությամբ գումար կորզած ստահակին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։