Քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում 8․3 մլն դրամ առերևույթ հափշտակություն կատարելու դեպքով, հայտարարել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Քրգործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
«Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակում թույլ տրված հնարավոր չարաշահումների, մասնավորապես ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից նվիրատվությամբ հատկացված միջոցներից մոտ 8.3 մլն դրամ ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը, պատժվում է ազատազրկմամբ` 5-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա)։
Քրգործը հարուցվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով։