Վրաստանը Covid-19-ի դեմ պայքարի արդյունավետությամբ առաջին 10-յակում է 183 երկրի ցանկում։ Այդ են վկայում Օքսֆորդի համալսարանի թարմացված տվյալները, որոնք ներկայացրել է Վրաստանի վարակիչ պաթոլոգիաների և ՁԻԱՀ-ի կենտրոնը։
«Հունվարի 15-ի դրությամբ Վրաստանը 10-11-րդ հորիզոնականում է (Հունաստանի հետ միասին) 183 երկրի ցանկում, և միայն Գերմանիան, Իռլանդիան և Իտալիան են մեզանից առաջ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրների թվում»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ, գրում է «Գրուզիա Online»-ը։
Գնահատականը համալիր է և հիմնված 19 ցուցիչի վրա, որոնք կարելի է հետևյալ կերպ խմբավորել՝ պետական քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն (ներառյալ հոգածությունը մարդկանց եկամուտների մասին), առողջապահական համակարգի ցուցանիշները (թեստավորում, պացիենտների հոսքերի կառավարում, պատվաստում և այլն)։
Ըստ Վրատանի հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեի, կոլեկտիվ իմունիտետ մշակելու համար հարկավոր է պատվաստել բնակչության 60%-ին։ Հակավիրուսային դեղամիջոցների կիրառումը, պատվաստումների հետ մեկտեղ, ևս կարևոր կլինի կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար։
Գամկրելիձեն նաև ասել է, որ Վրաստանը սկզբնական շրջանում բավարար քանակի պատվաստանյութ կստանա COVAX հարթակից բնակչության 20%-ին պատվաստելու համար (1.4 մլն դեղաչափ՝ 700,000 մարդու հաշվարկով)։
COVAX հարթակը ստեղծվել է ԱՀԿ կողմից բոլորի երկրների համար պատվաստանյութերի մատչելիությունն ապահովելու նպատակով։ Երբ բոլոր երկրները ստանան բնակչության 20 տոկոսի համար անհրաժեշտ պատվաստանյութը, այդ ժամանակ հնարավոր կլինի լրացուցիչ քանակ ստանալ։
Գամկրելիձեն նշել է նաև, որ Վրաստանի կառավարությունն ուղիղ բանակցություններ է վարում նաև պատվաստանյութեր արտադրողների հետ՝ անմիջապես նրանցից պատվաստանյութը ստանալու համար։
«Շատ կցանկանայի, որ մինչև տարեվերջ բնակչության 60%-ը պատվաստվի։ Դա բարդ է, բայց հնարավոր»,-ասել է կենտրոնի ղեկավարը։