16 հունվարի 2021 - 12:48 AMT
Բեզոսի ընկերությունը ապրիլին ուզում է տիեզերք ուղարկել առաջին զբոսաշրջիկներին

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin ընկերությունը պատրաստվում է արդեն 2021թ․ ապրիլին առաջին զբոսաշրջիկներին ուղարկել տիեզերք։ Հունվարի 14-ին ընկերությունը հաջողությամբ ավարտել է իր հրթիռակրի և New Shepard կապսուլայի 14-րդ փորձնական թռիչքը։

Այդ փորձարկումը «ստաբիլ կոնֆիգուրացիայի» երկու թեստային թռիչքներից մեկն էր, գրում է Inc. Со-ն՝ CNBC-ին հղումով։

«Ստաբիլ կոնֆիգուրացիա» նշանակում է, որ ընկերությունը մտադիր չէ փոփոխություններ կատարել կոնստրուկցիայում առաջին և երկրորդ գործարկումների միջև։

Երկրորդ թեստային թռիչքը տեղի կունենա 6 շաբաթվա ընթացքում, այսինքն մինչև փետրվարի ավարտը։ Ընկերությունը, ըստ աղբյուրների՝ կիրականացնի ուղևորների տեղադրում և դուրսբերում։ Այնուհետև վեց շաբաթվա ընթացքում կամ ապրիլի սկզբին ուղևորներով կապսուլան կթռչի տիեզերք։

New Shepard-ը տիեզերք ուղևորվող զբոսաշրջիկներին կբարձրացնի ավելի քան 100 կմ բարձրության վրա։ Երկիր վերադառնալուց առաջ կապսուլան մի քանի րոպե անկշռության մեջ կլինի։ Մեծ իլյումինատորների շնորհիվ ուղևորները կկարողանան հետևել թռիչքին։ Եվ հրթիռը, և կապսուլան հնարավոր կլինի կրկին օգտագործել։

Ընկերությունը դեռևս տոմսերի ամրագրում չի իրականացնում և չի հայտնել, թե որքան դրանք կարժենան։ 2019-ին Blue Origin-ի աշխատակիցն ասել էր Reuters-ին, որ տիեզերական ուղևորության համար հարկ կլինի վճարել $200,000-$300,000։

Բեզոսը հիմնել է ընկերությունը 2000-ին։ Այժմ ընկերությունում 3500 մարդ է աշխատում։ Բեզոսը ֆինանսավորում է ընկերությունն իր միջոցներից՝ աստիճանաբար վաճառելով Amazon-ի իրեն պատկանող բաժնետոմսերը։ 2020-ին նա $10 մլրդ է կանխիկացրել։