16 հունվարի 2021 - 13:17 AMT
Արցախում կորոնավիրուսի դեմ արդեն 100 ռուս խաղաղապահ է պատվաստվել

Արցախում կորոնավիրուսի դեմ արդեն 100 ռուս խաղաղապահ է պատվաստվել։ Ռուս խաղաղապահ զորակազմի ռազմաբժիշկների արտագնա բրիգադները պատվաստումներ են իրականացրել խաղաղապահների Մարտունու և Մարտակերտի շրջաններում տեղակայված 3 դիրքում։

Ընդհանուր առմամբ Արցախ է տեղափոխվել պատվաստանյութի մոտ 2000 դեղաչափ, ինչը բավարար է խաղաղապահ զորակազմի բոլոր անդամներին պատվաստելու համար։ Պատվաստանյութը տեղափոխվել է հատուկ կոնտեյներներում։

Պատվաստումը կատարվում է 2 փուլով։ Հունվարի 14-31-ն ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-21-ը՝ երկրորդ։

Արցախում ռուս խաղաղապահների համար 3 բլոկ-մոդուլային զինավան է կառուցվել՝ Ստեփանակերտում, Գետավանում և Քարաքենդում, որտեղ արդեն մոտ 400 զինծառայող է տեղակայվել։ Նախատեսվում է կառուցել ևս 5-ը՝ 540 մարդու համար։

Ռուս խաղաղապահներն Արցախում շուրջօրյա դիտարկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։ Նրանք ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղենթակառուցվածքների օբյեկտները։

Photo. Ria Novosti