3 մարտի 2009 - 12:10 AMT
«Գրիար-Ինշուրանսը» կապահովագրի հայկական դրոշի տակ նավարկող նավերը
«Գրիար-Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հայց է ներկայացրել Հայաստանի Կենտրոնական բանկին 3 նոր կարգերի համար ապահովագրման արտոնագիր տրամադրելու վերաբերյալ` երաշխիքի տրամադրում, ջրով բեռնափոխադրումների ապահովագրություն եւ ջրով իրականացվող բեռնափոխադրումների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հաղորդել է «Գրիար-Ինշուրանս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանը: «Հավանաբար, շատերի համար անհասկանալի կլինի, թե ընկերությանն ինչի համար պետք կլինի արտոնագիր, եթե Հայաստանը ծով չունի»,-ասել է նա:

Զրույցի ընթացքում գործադիր տնօրենը հաղորդել է, որ «Գրիար-Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը որոշել է երկու վերջին արտոնագրերի ստացման հայտ ներկայացնել այն բանից հետո, երբ տարբեր սուբյեկտների հետ շատ հանդիպումների եւ բանակցությունների արդյունքում պարզ է դարձել, որ ջրային տրանսպորտի ապահովագրումը, եւ բնականաբար, նավատերերի պատասխանատվության ապահովագրումն արդեն ակտուալ է: «Առաջիկայում խոսակցություններից հարկ կլինի անցնել գործողությունների»,-ասել է Պետրոսյանը: Նրա խոսքերով, չի բացառվում, որ բացի զբոսանքի համար նախատեսված մոտորանավակներից, սքութերներից, փոքր նավակներից, որոնք կան Սեւանում, ընկերությունն առաջիկայում կապահովագրի նաեւ այն նավերը, որոնք կնավարկեն ծովերում հայկական դրոշի տակ:

Հաշվի առնելով միջազգային փորձը` Արմեն Պետրոսյանը պարզաբանել է, որ ծով ունեցող շատ երկրներ թույլ չեն տալիս ապահովագրություն չունեցող նավերին մուտք գործել նավահանգիստ: «Իսկ այժմ ակտուալ է դարձել պահանջել, որ ապահովագրության մեջ ընդգրկվի նաեւ «աղտոտման համար պատասխանատվության» ռիսկի պոլիսը»,-ասել է նա: Վերջին տարիներին, նրա խոսքերով, դրան են նպաստել նավթամթերք տեղափոխող տանկերների վթարները: Արդյունքում նավթը ծովն է թափվում,եւ իրավիճակը վթարի գոտում գնահատվում է որպես «բնապահպանական աղետ», հաղորդել է «Գրիար-Ինշուրանս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի նիստում որոշվեց , որ «Գրիար-Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը 2009 թվականի փետրվարի 27-ին 3 նոր կարգերի գծով ապահովագրման արտոնագիր ստացավ: