18 հունվարի 2021 - 14:21 AMT
Լավրով․ Միտք չունենք ԼՂ-ն ընդգրկել ՌԴ կազմում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան միտք անգամ չունի ընդգրկելու Լեռնային Ղարաբաղը ՌԴ կազմում։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղը ՌԴ կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկությանը, ապա, ինչպես հասկանում եմ՝ Ղարաբաղի անկախությունը ոչ ոք չի ճանաչել, այդ թվում՝ ՀՀ-ն, մենք նույնիսկ այդպիսի միտք անգամ չունենք։ Մենք ելնում ենք նրանից, որ այդ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն այդտեղի երկրների, առաջին հերթին՝ ՀՀ և Ադրբեջանի միջև»,- ասել է Լավրովը 2020-ի ամփոփման մամուլի ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել այնպիսի լուծում գտնելուն, որը կապահովի խաղաղություն, կայունություն և անվտանգությունը տարածաշրջանում։

Հունվարի 11-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի , ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։ Եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։