18 հունվարի 2021 - 17:08 AMT
Դավիթ Բաբայանն ու Իշխան Սաղաթելյանը քննարկել են ԼՂ կարգավորումը

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը նաև Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգողն է, քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Հունվարի 18-ին Արցախում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Երկուստեք կարևորվել է համազգային նշանակության խնդիրների շուրջ մտքերի փոխանակումն ու քննարկումների անցկացումը։

Հունվարի 11-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի , ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։ Եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։